Ֆուտբոլային եվրոպական գերտերությունների առաջնությունների հերթական տուրը պակաս լարվածությամբ աչքի չընկավ: Հետաքրքրականն այն է, որ մեկի սայթաքումը մյուսը փորձում է առավել ակտիվությամբ հօգուտ իրեն ծառայեցնել: Սրանում զարմանալի ոչինչ չկա, ինչպես ամենօրյա կյանքում, ամեն մեկն էլ իր համար ավելի արևոտ տեղ է ուզում նվաճել: Գայլային օրենքնե՞ր են: Բնավ: Մանավանդ որ մեջտեղում ո՛չ մարդասպանություն է, ո՛չ էլ արյունահեղություն: Մրցակցություն է, որին պիտի դիմանաս:
ԻՍՊԱՆԻԱ
Բավական է «Դեպորտիվոյի» հետ արտագնա խաղում «Աթլետիկոն» իրեն շունչ քաշելու հնարավորություն տար (1:1), «Սելտան» իսկույն օգտվեց պատեհությունից ու վերադարձավ առաջատար եռյակ: Պիտի պատշաճը մատուցել այս թիմին. խաղի ընթացքում երկու անգամ լինելով պարտվողի կարգավիճակում՝ կարողացավ հաղթանակ կորզել (3:2), ընդ որում, դա անելով հյուրընկալվելիս:
Արտագնա խաղում հաղթանակ տոնեց նաև «Բարսելոնը»: «Խետաֆեն» անզոր եղավ անգամ հեղինակության գոլ խփելու, թեև 0:2 հաշվով պարտությունը նման ահեղ թիմից այնքան էլ ցավագին չպիտի դիտվի, որքան էլ կատալոնյան ու, առհասարակ, համաշխարհային ֆուտբոլի արքան դեռևս հարկադիր պարապուրդի մեջ է` ստացած վնասվածքի պատճառով: Փոխարենն աշխատում են առավել ակտիվությամբ գործել Նեյմարն ու Սուարեսը, ու դա նրանց լիուլի հաջողվում է:
Տուրում հաղթանակ տոնեց նաև Մադրիդի «Ռեալը»` 3:1, ու, ըստ էության, «Լաս Պալմասը» ոչնչով չկարողացավ հակադարձել արքայականին, թեև «Սանտյագո Բեռնաբեուում» առաջնության նորեկի համար գոլ խփելը, այնուամենայնիվ, ինչ-որ բան արժե: «Ռեալն» ու «Բարսելոնն» ունեն 24-ական, «Սելտան»՝ 20 միավոր:
ԱՆԳԼԻԱ
Իր բացառիկ մրցակցային անհաշտ ոգով ֆուտբոլասերների մեծագույն ուրախությունն է շարունակում մնալ պրեմիեր լիգան: «Կրիստալ Պալասի» հետ խաղացած ոչ-ոքիի տեսքով (0:0) կրկին սայթաքեց «Մանչեստր Յունայթեդը», «Մանչեստր Սիթին» միայն 89-րդ րոպեին, այն էլ ի հաշիվ 11-մետրանոցի, հաղթանակ կորզեց «Նորվիչից» (2:1), հյուրընկալվելիս վերելքում գտնվող «Արսենալն» անգթաբար անցավ «Սուոնսիի» վրայով՝ 3:0, Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» Ժոզե Մոուրինյոյի համար գերկարևոր խաղում վերցրեց ու պարզապես ոչնչացրեց «Չելսիին»՝ տանելով կամային հաղթանակ (3:1), իսկ արտագնայում «Վեստ Բրոմվիչին» պատժած «Լեստերը» (3:2) մաս կազմեց առաջատար եռյակի, որի առաջին երկու հորիզոնականում 25-ական միավորով բազմել են «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը»:
ԳԵՐՄԱՆԻԱ
Երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Դորտմունդի «Բորուսիան», ու դրանում իր արժանի մասնակցությունն ունեցավ մեր Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիների առաջ այս անգամ ծնկողը «Վերդերն» էր՝ 1:3: Հաշվի առնելով, որ տուրում որոշակի առումով անհաջող հանդես եկավ «Բավարիան» (գոլազուրկ հանդիպում է գրանցվել միավորների անխուսափ կորստով), կարելի է ասել՝ դորտմունդցիները բավարացիներին հնարավորինս մոտիկից ընկերակցելու քայլ արեցին: «Բավարիան» ունի 31, «Դորտմունդը»՝ 26 միավոր:
Վերջապես առաջատար եռյակի մաս կազմեց երկրի անցած տարվա փոխչեմպիոնը: «Վոլֆսբուրգին» այդ հնարավորությունն ընձեռեց «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:1: Հանուն ճշմարտության ասենք, որ այս «գործարքում» իր լուման ունեցավ նաև սեփական հարկի տակ «Ինգոլշտադտի» հետ 1:1 խաղացած «Շալկեն», որն իր վաստակած 20 միավորով մեկ միավորի հեռավորության վրա է գերմանական «գայլերից»:
ԻՏԱԼԻԱ
Շարունակում է ցնցումների մեջ մնալ Ա սերիան, որտեղ ամեն մի նոր տուր դառնում է նոր խմբագրում մրցաշարային աղյուսակի: Չնայած նվազագույն հաշվով հաղթանակին՝ «Ինտերը» գծերից գցեց «Ռոմային» ու նրա փոխարեն գլխավորեց առաջնությունն այնքան ժամանակ, քանի դեռ գործերին չէր խառնվել «Ֆիորենտինան»: Առաջատարության համը ճաշակած ու վերջին խաղերում ոչ լավագույն կողմերով իրենց դրսևորած «մանուշակագույններն» անզիջում եղան «Ֆրոզինոնեի» հետ խաղում ու, հաղթելով 4:1 հաշվով, վերադարձան աղյուսակի առաջին հորիզոնական: 24 միավոր ունի նաև «Ինտերը», սակայն լրացուցիչ գործակիցները նրան տեղ «ապահովեցին» երկրորդ հորիզոնականում: Իտալական «գայլերն» այս երկյակից հետ են մնում մեկ միավորով: Ի դեպ, 24 միավորի սահմանը կարող էր հատել և «Նապոլին», եթե արտագնայում հաղթեր «Ջենովային», սակայն տանտերերն իրենց համառության համար պարգևատրվեցին մեկ միավորով՝ 0:0:
Վերջին րոպեին գոլ խփելով՝ թուրինյան դերբիում «Յուվեն» կարողացել է հաղթանակ կորզել «Թուրինից»՝ 2:1, սակայն երկրի գործող չեմպիոնը դեռևս չի կարողանում մտնել երանելի տասնյակ:
ՖՐԱՆՍԻԱ
Տուրի հերթական հանդիպումը «Ռենի» հետ «Պարի Սեն Ժերմենի» համար կրկին ավարտվեց հաղթանակով՝ 1:0, ու գոնե այս պահին դիվիզիոնում չի նշմարվում այն թիմը, որը կարող է չեմպիոնության համար պայքարում ձեռնոց նետել մայրաքաղաքցիներին:
Նվազագույն հաշվով, նույնպես արտագնա խաղում, հաղթանակ տոնեց «Լիոնը», որը ունեցած 20 միավորով ամբողջ տասը նիշով հետ է ՊՍԺ-ից:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Մոնակո»-«Անժ» մրցակցությունը: Հաղթանակի, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում վերջինս կմնար երկրորդ հորիզոնականում, սակայն «Մոնակոն» իր շանսը բաց չթողեց՝ 1:0: Այստեղ միանգամից չորս թիմ ունի 22 միավոր, սակայն, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, երկրորդը «Լիոնն» է, երրորդը՝ «Անժը»: Եթե նկատեցիք, եռյակը կազմած թիմերի մասնակցությամբ խաղերում գրանցվել է միևնույն 1:0 հաշիվը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ